Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիևան հայտարարել է, որ առևտրային հակամարտությունները հանգեցրել են գլոբալ տնտեսական աճի «սինխրոն դանդաղեցմանը»
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիևան հայտարարել է, որ առևտրային հակամարտությունները հանգեցրել են գլոբալ տնտեսական աճի «սինխրոն դանդաղեցմանը», հայտնում է CNBC-ն։
Պաշտոնը ստանձնելուց հետո իր երդմնակալության խոսքում Գեորգիեւան ներկայացրել է ԱՄՀ-ի նոր հետազոտությունը, որը ցույց է տալիս, որ առեւտրային հակամարտությունների գումարային արդյունքը կարող է մինչեւ 2020թ․ հանգեցնել համաշխարհային արտադրանքի ՀՆԱ-ի 700 մլրդ դոլարով կամ 0,8 տոկոսով կրճատմանը։
Հետազոտության մեջ հաշվի են առնված չինական ներկրումների վրա տուրքերի հայտարարված եւ ծրագրված բարձրացումը, որը նախատեսել էր ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքերով, ՀՆԱ-ի կորուստների զգալի մասը կկապվի գործնական վստահության եւ շուկայի բացասական արձագանքի հետ։
«2019թ․ մենք աշխարհի երկրների մոտ 90 տոկոսում ակնկալում ենք աճի դանդաղում։ Գլոբալ տնտեսությունը այժմ գտնվում է համաժամանակյա դանդաղեցման մեջ։ Դա նշանակում է, որ այս աճը կընկնի տասնամյակի սկզբից ամենացածր մակարդակի»,- ասել է Գեորգիեւան՝ նշելով, որ առեւտուրը «համարյա կանգ է առել»։
Նա նախազգուշացրել է, որ առեւտրում բեկումները կարող են հանգեցնել «մատակարարումների խախտված շղթաների, առեւտրի անհամաչափ ոլորտների, «թվային Բեռլինյան պատի», որը երկրներին ստիպում է ընտրություն կատարել տեխնոլոգիական համակարգերի միջեւ։
«Դա նշանակում է, որ անհրաժեշտ է գործ ունենալ սուբսիդիաների, ինչպես նաեւ մտավոր սեփականության իրավունքների եւ տեխնոլոգիաների փոխանցման հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ մոդեռնացված առեւտրային համակարգը կբացի ծառայությունների եւ էլեկտրոնային կոմերցիայի ներուժը։