«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող․ Խայտառակություն է, որ Դե Խեան չգիտի՝ ինչ է կատարվում թիմի հետ
Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Փոլ Ինսը քննադատել է մանչեսթերյան թիմի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային, որը Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Նյուքասլին» 0։1 հաշվով պարտվելուց հետո հայտարարել էր, թե «պատկերացում չունի, թե ինչ է կատարվում թիմի հետ»։
«Խայտառակություն է, որ Դե Խեան չգիտի, թե ինչ է կատարվում թիմի հետ։ Կոլեկտիվի առաջատարի համար այդպիսի պատասխանն անթույլատրելի է։ Նա պետք է բացատրեր, թե ինչը դարձավ պարտության պատճառ։
Դե Խեան վերջերս է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, բայց ես կարծում եմ, որ նա արդեն ափսոսում է»,- Փոլ Ինսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Մանչեսթերյան թիմը 9 միավորով 12-րդ տեղում է։ «Մանչեսթեր Յունայթեդում» այժմ վնասվածքներ ունեն Պոգբան, Մարտիալը, Լինգարդը, Ջոնսը, Վան-Բիսական, Բային, Ֆոսու-Մենսան։