Ռուս-վրացական կոնֆլիկտի լուծման միջոցներից մեկը ԵՄ դիտորդների թվի ավելացումն է. Զուրաբիշվիլի
Այս ամառ մեր օկուպացված տարածքներում ստեղծված բավականին լարված իրավիճակը ցանկացած պահի կարող է ավելի լուրջ իրավիճակի վերածվել, անհրաժեշտ է դեէսկալացիա, մյուս կողմից՝ որեւէ ելքի որոնում: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հաղորդում է վրացական Առաջին ալիքը:
Զուրաբիշվիլին նշել է, որ Գերմանիայի նախագահի հետ քննարկել են կոնֆլիկտային իրավիճակն ու օկուպացված տարածքների իրավիճակը:
Զուրաբիշվիլիի խոսքով՝ կոնֆլիկտի լուծման միջոցներից մեկը ԵՄ դիտորդների թվի ավելացումն է:
«Առաջին հերթին Գերմանիայի նախագահի հետ խոսել ենք կոնֆլիկտային իրավիճակի եւ օկուպացված տարածքների մասին: Ուկրաինայի եւ այլ կոնֆլիկտների հետ մեկտեղ Վրաստանը եւս չպետք է մոռացվի, բավականին լարված իրավիճակ է ստեղծվել այս ամառ մեր օկուպացված տարածքներում, ցանկացած պահի այն կարող է ավելի լուրջ իրավիճակի վերածվել, անհրաժեշտ է դեէսկալացիա, մյուս կողմից՝ որեւէ ելքի որոնում: Այդ ուղղություններից մեկը բանակցությունների ձեւաչափի ամրապնդումն է: Դրանցից մեկը նաեւ դիտորդական առաքելության ընդլայնումն է»,- ասել է Զուրաբիշվիլին: