Երևանում WCIT համաժողովին մասնակցող նախարարներն այցելել են DigiTec ցուցահանդես
WCIT համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած նախարարները, որոնք իրենց երկրներում համակարգում են ՏՏ ոլորտը, շահագրգռված են հայկական կողմի հետ համագործակցությամբ: Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը՝ ըստ WCIT-ին մասնակցող նախարարաների DigiTec ՏՏ ամենամյա տարածաշրջանային ցուցահանդես այցելության արդյունքների:
Նրա խոսքով՝ ցուցահանդեսը նախարարների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել՝ ներկայացնելով Հայաստանում ՏՏ զարգացման ամբողջ շղթան՝ տարրական եւ բարձրագույն կրթությունից մինչեւ սթարթափներ եւ արտադրություն: Վարդանյանը շեշտեց, որ ոմանց հետաքրքրել է Հայաստանի փորձը ցուցադրված բոլոր ոլորտներում: Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայաստանն ինչո՞վ կարող էր հետաքրքրել զարգացած ՏՏ արդյունաբերությամբ երկրներին, ինչպես Մալայզիային: Փոխնախարարը պատասխանեց. «Մալայզիայում շատ զարգացած է միկրոսխեմաների արտադրության ոլորտը, սակայն, օրինակ, այդ սխեմաների թեստավորմամբ զբաղվում են հայ մասնագետները: Մենք մասնագետներ ունենք, որոնք ամսական 2 անգամ այցելում են այդ երկիր: Դրանից բացի, Synopsys-ից մեր մասնագետները նախագծում են այն միկրոսխեմաները, որոնք հետագայում արտադրվում են Մալայզիայում»,- հայտարարեց նա:
Վարդանյանը շեշտեց, որ, բնականաբար, երկրներից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ եւ թույլ կողմերը, ուստի ՏՏ ոլորտում այդ երկրների հետ Հայաստանի համագործակցությունը չի կարող հիմնվել միասնական սխեմայի վրա: «Բնականաբար, Բանգլադեշի հետ համագործակցությունը կլինի մի ուղղությամբ, Էստոնիայի հետ՝ այլ»,- եզրափակեց նա:
Նշենք, որ այսօր Տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT միջազգային համաժողովի մասնակիցները՝ փոխնախարար Գեղամ Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են DigiTec ՏՏ ցուցահանդես: Նրանց թվում են Իրաքից, Հունաստանից, Լիբանանից, ԱՄԷ-ից, Բանգլադեշից, Բրազիլիայից, Բալթյան երկրներից, Մալայզիայից եւ Եթովպիայից նախարարներ եւ պատվիրակությունների ներկայացուցիչներ: