Մենք պատրաստ ենք համագործակցության բոլոր-բոլորի հետ. Րաֆֆի Հովհաննիսյան
«Մենք պետք է ամբողջացնենք հեղափոխությունը, նոր Հայաստանը պիտի միասին ամբողջացնենք: Ես կողմնակից եմ սերնդափոխության և ես ուրախ եմ, որ իմ կենդանության օրոք մեր կուսակցությունը 4-5 նախագահ է փոխել և այդ տարոսը մաղթում եմ բոլոր կուսակցություններին, որ այդ բնականոն վիճակը լինի բոլորի մոտ և պետությունը նույն բանը պետք է վերցնի որպես բանաձև: Մենք միասին` պետություն, իշխանություն, ընդդիմություն, պետք է ունենա այն վիճակը, որ մեր երիտասարդությունը ունենա հնարավորություն և ինչու չէ, նաև կառավարելու»,- այսօր` հոկտեմբերի 7-ին, WCIT 2019 կոնֆերանսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշել է, որ ինքը քաղաքկանության մեջ ակտիվանալու կամ պասիվանալու մասին երբեք չի խոսել:
Հարցին, թե արդյոք իրեն դիտարկում է այն քաղաքական ուժերի հետ, ովքեր հնարավոր է համագործակցեն Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, նա ասաց, որ 6 տարի առաջ նոր Հայաստանի երդումն ինքը, Նիկոլ Փաշինյանը և հայ ժողովուրդը միասին են կատարել:
«Մենք պատրաստ ենք համագործակցության բոլոր-բոլորի հետ: Մենք պատրաստ ենք համագործակցության բոլոր-բոլորի հետ: Ոչ պարոն Փաշինյանը, ոչ ես, ոչ առաջինն ենք, ոչ վերջինն ենք, մենք միասին պետք է պատրաստենք նոր Հայաստանը հաջորդի համար: Մեր խնդիր այն է, որ մենք պետք է գնանք ոչ թե մենիշխանության, անձնավորված իշխանության ճանապարհով, այլ նորմալ, լեգիտիմ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխանցվի հաջորդին»,-ասաց նա:
Անդրադառնալով WCIT 2019 կոնֆերանսի Հայաստանում անցկացնելուն Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ սա նոր Հայաստանի մեկնարկային միջոցառումն է եւ շատ ողջունելի է, որ այն տեղի է ունենում Հայաստանում: