Սա կարող է վտանգավոր նախադեպ դառնալ եւ ունենալ բումերանգի իր էֆեկտը. Էլինար Վարդանյանը՝ «Հայելիի» դեպքի մասին
«Հայելի» ակումբի վրա ոտնձգությունը, անկախ ազդարարված դրդապատճառից, ոչ այլ ինչ է, քան ընդդիմադիր մամուլը ճնշելու փորձ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
«Կարելի է չկիսել ԶԼՄ-ների կողմից վարվող տեղեկատվական քաղաքականությունը, վերլուծություններն ու մեկնաբանությունները, սակայն անթույլատրելի է լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն եւ ճնշման փորձ։
Այս ամենի արմատները պետք է փնտրել երկրում տիրող մթնոլորտի, հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելու, ընտրովի արդարադատության, այլակարծության ցանկացած դրսեւորում մերժելու մեջ։
Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փորձ դատապարտելի է եւ բերելու է ժողովրդավարական արժեքների կոպիտ ոտնահարման։
Անհրաժեշտ է միահամուռ կանխել նման անթույլատրելի ոտնձգությունները, այլապես սա կարող է վտանգավոր նախադեպ դառնալ եւ ունենալ բումերանգի իր էֆեկտը։
Հուսանք, որ այս դեպքում ՀՀ իրավապահ համակարգի արձագանքը համարժեք է լինելու»,-գրել է նա: