Կոլումբիայում նախկին օրենսդիրը բանտից փախուստի է դիմել բժշկի այցելության ժամանակ
Կոլումբիայում նախկին օրենսդիրը, որը դատապարտվել էր ընտրությունների ժամանակ ձայներ գնելու համար, փախել է բանտից, երբ նրան թույլ են տվել այցելել ատամնաբույժի, հաղորդում է Reuters-ը:
Անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ 43-ամյա Աիդա Մերլանոն այցելել էր օրթոդոնտի: Նա երկար չէր մնացել բժշկի սենյակում, երբ բժիշկն առաջարկել էր ուղեկցող աշխատակցին սպասել դրսում: Այնուհետեւ կինը փախել էր բժշկի սենյակից՝ օգտագործելով այդտեղ թաքցրած պարանը: Նա իջել էր դրանով բակ, որտեղ նրան սպասում էր մոտոցիկլետը, եւ ուղեւորվել անհայտ ուղղությամբ: Փախուստի գործընթացը տեսագրվել է:
Մերլանոն դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների ձայները գնելու եւ անօրինաբար հրազեն պահելու համար: Մերլանոն առաջին կոլումբացի քաղաքական գործիչն էր, որը բանտարկվել է ձայներ գնելու համար: Իշխանությունները 14 հազար դոլարի չափով պարգեւավճար են խոստացել նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության դիմաց: