Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ծեծկռտուքի մասին
Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նա Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր տհաճ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը եւս մեր կենտրոնի աշխատակիցներից է` որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար:
Վերջինս ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաեւ տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ:
Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել է ոստիկանություն:
Կոչ ենք անում բոլորին, խնդիրները լուծել քաղաքակիրթ շփման կանոններով եւ իրավական գործընթացներով։
Մնացած մանրամասները կպարզեն իրավապահ մարմինները»:
Ավելի վաղ Operativ.am-ը, հղում կատարելով Shamshyan.com-ին, հայտնել էր, որ Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթուի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանություն-ծեծը տեղի է ունեցել հիվանդանոցում՝ տնօրենի աշխատասենյակում, եւ պատճառը եղել է այն, որ Վ. Համբարձումյանի հորը Ն. Մանուկյանը աշխատանքից ազատել է եւ այսօր Վ. Համբարձումյանը պարզաբանումներ ստանալու նպատակով մտել է տնօրենի մոտ եւ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետեւ՝ ծեծկռտուքի, ինչի հետեւանքով էլ Վ. Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։
Հիշեցնենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներկայիս տնօրենն իր պաշտոնը ստանձնել էր մեկ ամիս առաջ: Մինչ այդ կենտրոնը ղեկավարում էր Արմեն Տանանյանը: