Հյուսիսային Ամերիկայում մարդիկ հայտնվել են 16 հազար տարի առաջ
Հյուսիսային Ամերիկայում առաջին մարդիկ հայտնվել են առնվազն 16 հազար տարի առաջ: Այդ փաստի հերթական ապացույցները ներկայացրել են գիտնականները, որոնք ուսումնասիրել են Այդահոյում (ԱՄՆ) պալեոլիթյան կեցավայրի պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական գտածոները, հաղորդում է Planet- today-ը՝ հղում անելով Science-ին:
Այդ վայրում հայտնաբերված կենդանիների ոսկորները 16,5-15,3 հազար տարեկան են: Այն փաստը, որ ոսկորները հայտնաբերվել են ԱՄՆ-ի հյուսիս-արեւմուտքում, հաստատում է այն տեսությունը, որի համաձայն՝ առաջին վերաբնակիչները ներգաղթել են Հյուսիսային Ամերիկա ափամերձ երթուղով:
Ոսկորներից բացի, հայտնաբերվել են նաեւ քարե գործիքներ, ինչպես նաեւ այրված ածուխի հետքեր: Գտածոների ուսումնասիրությունը Օրեգոնի համալսարանի գիտնականներին թույլ է տվել հստակ թվագրել Ամերիկայի առաջին բնակիչների հետքերը:
Նոր հետազոտության հեղինակներից մեկը պատմել է, որ 89 քարե գործիք, կենդանիների ոսկորների անթիվ մասեր, ինչպես նաեւ այրված ածուխի հետքեր են հայտնաբերել: