Սեռավարակներով ու մաշկային խնդիրներով զբաղվող կենտրոնի մասնավորեցման հարցը կռվախնձոր էր դարձել իշխող թիմում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սեռավարակներով ու մաշկային խնդիրներով զբաղվող կենտրոնի մասնավորեցման հարցը կռվախնձոր էր դարձել իշխող թիմում: Օրենսդրի նախաձեռնությունը` կենտրոնը պահել պետական հատվածում, չէր գոհացրել կառավարությանը:
Բայց նախագծի հեղինակ, «Իմ քայլը» ներկայացնող Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրինագիծը խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ երեկ հաստատեց: Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այս բժշկագիտական կենտրոնի մասնավորեցման կողմնակից էր եւ հիմնավորում էր, թե այդ հիվանդները հիմնականում բուժվում են ամբուլատոր պայմաններում, ստացիոնար բուժվող գրեթե չկա:
Բայց պատգամավոր Զեյնալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հակառակը պնդեց՝ ասելով, որ տարեկան 3000 հիվանդ է ստացիոնար բուժվում, եւ այդ կենտրոնը միակն է երկրում: Չի կարելի մասնավորեցնել, հատկապես, եթե մասնավորեցման պայմանները վիճարկելի են:
Օրինակ՝ մատուցվող ծառայությունները պիտի պահպանվեին 3 տարի, բայց, ըստ Զեյնալյանի, երաշխիք չկար, որ դրանից հետո կենտրոնն այլ` շահութաբեր բիզնես չէր ծավալի: Բացի այդ, մեծ հարց է, թե ով էր ցանկանում մասնավորեցնել այդ կենտրոնը, ինչը ԱԺ-ն կանխեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: