ԵՏՄ շրջանակում ամեն երկիր ձգտելու է «վաճառել» իր առավելությունները որքան հնարավոր է թանկ. փորձագետ
Անկախ ԵՏՄ շրջանակում փոխհարաբերությունների մակարդակից՝ ամեն երկիր փորձելու է որքան հնարավոր է թանկ վաճառել իր բնական հնարավորությունները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, օրինակ, առավելություն ունենալով էներգակիրների հարցում, փորձելու է ադ հաղթաթուղթն առավելագույնս օգտագործել։ «Մինչեւ 2025 թվականը պատնեշները հանելու գաղափարը, դատելով ըստ ամենայնի, վերաբերում էր էներգետիկ ոլորտին։ Երկրները, որոնք կախված են ռուսական էներգակիրներից, չափազանց հետաքրքրված կլինեն դրանում՝ ակնկալելով, որ կկարողանան գազ գնել ներռուսականին մոտ գներով։ Մենք տեսնում ենք, որ ամենասուր հարցերը կապված են սրա հետ։ Մասնավորապես, Բելառուսը եւ Հայաստանը վերջին տարիներին ակտիվորեն բարձրացնում են այս հարցը»,- նշել է նա։
Քաղաքագետն ավելացրել է, որ չի կարելի միանշանակ ասել, թե ինչ կլինի մինչեւ 2025 թվականը, քանի որ ամեն բան կախված է աշխարհաքաղաքական հարթությունում իրադարձությունների զարգացումից։ «Ամեն բան կախված է նրանից, թե որքանով ակտուալ կլինեն միավորումները մինչեւ 2025 թվականը, ինչ միտում կգերակշռի աշխարհում՝ ինտեգրացիա՞ն. թե՞ ապակենտրոնացումը, ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ քաղաքական գիծը, ո՞վ կգա այնտեղ իշխանության»,- պարզաբանել է Հակոբյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։