Կոալիցիա ձեւավորելու շուրջ Նեթանյահուի եւ Լիբերմանի հանդիպումն ավարտվել է անարդյունք
Սեպտեմբերի 17-ին Իսրայելում կայացած ընտրությունների արդյունքով կառավարական կոալիցիա ձեւավորելու շուրջ Իսրայելի վարչապետ եւ «Լիկուդ» կուսակցության ղեկավար Բենյամին Նեթանյահուի եւ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի միջեւ բանակցություններն ավարտվել են անարդյունք, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իսրայելական պետական Kan ռադիոյին:
Մոտ մեկ ժամ տեւած բանակցությունների ընթացքում Լիբերմանը կրկնել է իր կոչը՝ կապված ընտրությունների արդյունքով միասնության կառավարություն ձեւավորելու հետ՝ «Լիկուդ»-ի, Իսրայելի բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Հանցի «Կախոլ-Լավան» կենտրոնամետ կուսակցությունների դաշինքի եւ «Մեր տունն Իսրայելն Է» կուսակցության մասնակցությամբ՝ առանց ծայրահեղ ուղղադավան կուսակցությունների ներկայացուցիչների ներգրավման:
«Լիկուդ»-ը կոալիցիոն բանակցություններում հանդես Է գալիս 4 աջ եւ ծայրահեղ ուղղադավան կուսակցությունների դաշինքների կողմից, որոնք 22-րդ գումարման խորհրդարանում 120 հնարավորից 55 մանդատ ունեն: Ավելի վաղ անարդյունք էին ավարտվել «Լիկուդ» եւ «Կախոլ-Լավան» կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ բանակցությունները:
Սեպտեմբերի 25-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Նեթանյահուին հանձնարարել Է կառավարական կոալիցիա ձեւավորել: Վարչապետին օրենքով 42 օր է հատկացվում, որպեսզի նա 120 պատգամավորներից 61-ի աջակցությունն ապահովի կայուն կառավարություն ձեւավորելու համար: Եթե Նեթանյահուին չհաջողվի դա անել, ապա նախագահն այդ իրավունքը կփոխանցի Հանցին, ում կտրվի 28 օր: Անհաջողության դեպքում կրկնակի ընտրություններ կանցկացվեն: