«Սաթենկար» ընկերության արտոնության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարով. Ներդրումների ծավալը կկրկնապատկվի
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍՊԸ-ին տրամադրված հարկային արտոնության մեջ (ԱԱՀ հարկը 3 տարով հետաձգելու մասին) փոփոխություն կատարել եւ եւս մեկ տարով երկարաձգել արտոնության ժամկետը (մինչեւ 2021 թվականի օգոստոսի 20-ը):
Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով նշեց, որ ժամկետի երկարաձգումը պայմանավոված է հավելվածով հաստատված ցանկում նոր հումաքտեսակների ավելացմամբ, որոնք նախատեսվում է ներմուծվել երկու տարվա ընթացքում:
Նախարարը նշեց, որ կազմակերպությունը գործում է 2002 թվականից, զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ Արագածոտնի մարզում: «Անցյալ որոշմամբ եղել է 286,5 մլն դրամ ընդհանոըւր արժեքով ապրանքներ ներկրելու համար ավելացված արժեքի հարկի հետաձգում 3 տարի ժամկետով: Այս լրացմամբ առաջարկվում է եւս 300 մլն դրամ արժեքով ապրանքների ներմուծման համար ԱԱՀ հետաձգել: Կազմակերպությունը նշել է, որ կստեղծի 14 նոր աշխատատեղ»,-ասաց Տիգրան Խաչատրյան՝ հավելելով, որ ներդրումների ծավալն ավելի քան 2 անգամ աճում է: