Հարավային Կորեայի դատախազությունը հարցաքննության է կանչել երկրի արդարադատության նախարարի կնոջը
Կորեայի Հանրապետության դատախազությունը հարցաքննության է կանչել երկրի արդարադատության նախարար Չո Գուկի կնոջը՝ փաստաթղթերի կեղծման, հարկերի վճարումից խուսափելու եւ հանցանշանները վերացնելու մեղադրանքով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով KBS-ին։
Նրա տվյալներով՝ նախարարի կինը հինգշաբթի առավոտյան մտել է դատախազության շենք, որտեղ նրան բազմաժամյա հարցաքննություն է սպասվում։ Կինը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակն իրեն սպասող լրագրողներին։
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը սեպտեմբերի 9-ին իր վաղեմի զինակից Չո Գուկին հաստատել էր արդարադատության նախարարի պաշտոնում՝ չնայած ընդդիմության եւ հասարակության առարկությանը։ Նույն օրը դատախազությունը հետաքննություն է սկսել նրա կնոջ հանդեպ։ Հսկիչ մարմնի տվյալներով՝ նա կարող էր անձնական կապերն օգտագործած լինել եւ կեղծել մի շարք փաստաթղթեր, որպեսզի աղջկան տեղավորեր հեղինակավոր բուհում։ Երբ այս պատմության մասին հայտնի դարձավ, նա փորձեց վերացնել հանցանշանները։ Նախարարի կնոջը կասկածում են նաեւ մասնավոր ընկերության հետ կոռուպցիոն սխեմաների օգտագործման մեջ։
Մուն Չժե Ինը Չո Գուկի վրա է դրել դատաիրավական համակարգի բարեփոխման խնդիրը։ Մասնավորապես, նախատեսվում է ստեղծել առանձին անկախ մարմին՝ պաշտոնյաների կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության համար, ինչպես նաեւ ոստիկանությանը հանձնել դատախազության լայն լիազորությունների մի մասը։ Վերջին կետը վրդովել է հսկիչ գերատեսչության աշխատակիցներին։