Տղամարդը հանուն նվերների կեղծ հարսանիք է արել, իսկ վարձակալված հարսնացուին չի վճարել և անհետացել
Չինական Գույչժոու քաղաքի բնակիչը հանուն դրամային նվերների կեղծ հարսնացուով կեղծ հարսանիք է արել, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Asia One-ին։
39-ամյա տղամարդը, որի անունը չեն հայտնում, «վարձակալությամբ աղջիկների» գործակալությունից վարձել է Սյաու Լիին, որը պետք է ընկերների և ազգականների մոտ հարսնացու ձևանար։ Չինացին պայմանավորվել է, որ Լին իր հետ կլինի օգոստոսի 22-28-ը։ Յուրաքանչյուր օրն արժեցել է 521 յուան։
«Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 25-ին, և նա պետք է ապահովեր իմ տրանսֆերի վճարումը, սնունդը և կեցությունը»,- պատմել է չինուհին։ Հյուրերը չինացուն մոտ 60 000 յուան են նվիրել, սակայն կեղծ նորապսակները պայմանավորվել են, որ ամբողջ գումարը տղամարդունն է, որը մտադիր էր սեփական բիզնեսի ստեղծման մեջ դրանք ներդնել։
Հարսանիքից հետո «զույգը» մի քանի օր շրջել է երկրում, և նույնիսկ, Լիի խոսքերով, «միասին երկու գիշեր է անցկացրել»։ Սակայն երբ «հարսնացուի վարձակալության» ժամկետը լրացել է, տղամարդն առանց վճարելու անհետացել է։ Նա «հարսնացուին» արգելափակել է բոլոր սոցցանցերում և չի պատասխանել հեռախոսազանգերին։
Աղջիկը օգնության խնդրանքով դիմել է իրավաբաններին, սակայն նրանք ասել են, որ Լին ինչ-որ բանի հասնելու շատ քիչ հնարավորություն ունի, քանի որ ձեռներեց չինացու հետ գրավոր պայմանագիր չի կնքել։