ՏՄՊՊՀ-ն բենզինի եւ դիզվառելիքի ստուգումներ է կատարում. փոխվարչապետ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բենզինի, դիզվառելիքի եւ ավիավառելիքի ստուգումներ է կատարում: Այս մասին հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի հարցին:
Ստեփանյանը նկատեց, որ Հայաստանի բնակիչների զգալի մասը սեղմված գազ է օգտագործում՝ որպես ավտովառելիքի այլընտրանք, իսկ վերջին տարիներին ակտիվորեն սկսել են հեղուկ գազ օգտագործել:
«Այլընտրանքի եւ մրցակցության պայմաններում շուկան ճշգրտում է գները, սակայն պատշաճ ուշադրություն չի հատկացվում արտադրանքի որակին: Հեղուկ գազի գինն իջել է, սակայն դրա որակի հետ կապված շատ բողոքներ կան»,- ասաց պատգամավորը՝ հետաքրքրվելով, թե արդյոք ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է կատարում:
Ի պատասխան՝ Ավինյանն ասաց, որ ՏՄՊՊՀ-ն բենզինի, դիզվառելիքի եւ ավիավառելիքի ստուգումներ է կատարում: Փոխվարչապետը, սակայն, չհայտնեց ստուգումների արդյունքների մասին, քանի որ ստուգումները, նրա խոսքով, դեռեւս պրոցեսի մեջ են: Նա պատգամավորներին առաջարկեց մանրամասներ ստանալու համար դիմել համապատասխան հանձնաժողով: