ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ազատազրկման վայրեր
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) եւ անկախ փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, եռօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ազատությունից զրկման վայրեր եւ հոգեբուժական հաստատություն:
Մասնավորապես, մշտադիտարկումներ են իրականացվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի եւ Մեղրիի ձերբակալվածների պահման վայրերում եւ ոստիկանության բաժիններում, ինչպես նաեւ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի եւ սննդամթերքի ժամկետներին համապատասխանությունը, աշխատակիցների աշխատանքային պայմանները եւ այլն:
Տեղի են ունեցել նաեւ առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց եւ հաստատությունների աշխատակիցների հետ:
Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների ղեկավարների հետ: Ամփոփված վերլուծական տեղեկանքները կուղարկվեն իրավասու պետական մարմիններին, ինչպես նաեւ կհանրայնացվեն: