Հսկայական վարազը ջարդուխուրդ է արել կարաոկե-բարը (Տեսանյութ)
Չինական Շուանյաշան քաղաքում (Հեյլունցզյան նահանգ) կարաոկե-բար է ներխուժել 143 կիլոգրամանոց վարազ։ Այս կենդանիները կարող են վտանգավոր լինել. նրանք շատ արագ են տեղաշարժվում եւ կարող են լուրջ վիրավորել իրենց սուր ժանիքներով ու չանչերով։ Բացի հյուսվածքների վնասումից՝ կարող է նաեւ վարակման վտանգ առաջանալ, տեղեկացնում է Nat-geo-ն։
Վարազը մարդկանց վրա հարձակվում է բացառիկ դեպքերում, բայց հաճախ կարող է արձագանքել արտաքին գրգռիչին՝ մարդուն սպառնալիք ընկալելով։ Վարազը, ինչպես եւ ցանկացած վայրի այլ կենդանի, կարող է քաղաք գալ ուտելիք փնտրելու, եւ այդ ժամանակ նա կարող է ագրեսիվ լինել։
Այդպես էլ տեղի ունեցավ կարաոկե-ակումբում. մտնելով ակումբ բաց դռնով՝ վարազը հարձակվեց եւ կոտրեց բարի վաճառասեղանը, իսկ հետո մտավ սրահներից մեկն ու դուրս քշեց այնտեղից այցելուներին։ Տեսահսկման խցիկի պատկերածը ցույց է տալիս, թե ինչպես է կենդանին սլանում միջանցքներով ու վախեցնում մարդկանց։
Ակումբի աշխատակիցներին հաջողվել է փակել անկոչ հյուրին եւ ոստիկանություն կանչել։ Վերջինը, գնահատելով ռիսկերի մակարդակը, որոշում է կայացրել կրակել կենդանու վրա։ Ոստիկանները երեք կրակոց են արձակել դիպուկահար հրացանից, մինչեւ որ կենդանին սատկել է։
Չինաստանում 33,5 մլն վայրի վարազ կա։ Ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում բախումներ դրանց եւ մարդկանց միջեւ, հատկապես գյուղական վայրերում։ Նույն՝ Հեյլունցզյան նահանգում 2014-ին 100 կիլոգրամանոց վարազը հարձակվել է հովվի վրա, վերջինը զոհվել է։