Facebook-ը դատի կտա ԱՄՆ կառավարությանը, եթե նախագահ դառնա Էլիզաբեթ Ուորենը
Facebook-ը դատի կտա ԱՄՆ կառավարությանը, եթե նախագահ դառնա Էլիզաբեթ Ուորենը։ Այս մասին Facebook-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, հայտնում է The Verge-ը։
«Էլիզաբեթ Ուորենը կարծում է, թե ճիշտ պատասխանը ընկերությունների մասնատումն է․․․ Ես նկատի ունեմ, որ եթե նա նախագահ ընտրվի, մենք իրավական մարտահրավեր կնետենք, եւ ես վստահ եմ, որ կհաղթենք։․․․ Նկատի ունեմ, որ չեմ ուզում լուրջ հայց ներկայացնել մեր սեփական կառավարության դեմ․․․ Մենք հոգ ենք տանում մեր երկրի մասին եւ ուզում ենք աշխատել մեր կառավարության հետ եւ լավ բաներ անել։ Սակայն, տեսեք, եթե որեւէ մեկը պատրաստվում է սպառնալ այդքան կարեւոր մի բանի, դուք սկսում եք պայքարել»,- ասել է Ցուկերբերգը։
Մարտին նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Էլիզաբեթ Ուորենն առաջ էր քաշել ծրագիր, ըստ որի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններն, ինչպիսիք են Facebook-ը, Amazon-ը, Google-ը եւ Apple-ը, պետք է մասնատվեն, քանի որ նրանց իշխանությունը շատ մեծ է։
«Ես ուզում եմ կառավարություն, որը երաշխավորում է, որ բոլորը, նույնիսկ ամենախոշոր եւ ազդեցիկ ընկերություններն Ամերիկայում չեն խախտում խաղի կանոնները։․․․ մենք պետք է խանգարենք խոշոր տեխնոլոգիական ընկերությունների սերնդին օգտագործել իրենց քաղաքական իշխանությունը իրենց օգտին կանոններ ձեւավորելու համար»,- իր բլոգում գրել էր Ուորենը։
Ցուկերբերգը, որը նախորդ ամիս Վաշինգտոնում հանդիպել էր նախագահ Թրամփի եւ մի քանի օրենսդիրների հետ, նույնպես հայտարարել էր, որ հենց ընկերության մեծությունն է իրեն օգնել պայքարել ընտրություններում միջամտության դեմ՝ նշելով, որ իր մրցակից Twitter-ը ավելի քիչ ռեսուրսների պատճառով չունի նման հնարավորություն։