Ատոմ Ջանջուղազյանն հանդիպել է Սինգապուրի Հանրապետության ավագ նախարարին.(Լուսանկար)
ՀՀ ֆինասների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Սինգապուրի Հանրապետության նախարարի հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու պարտքի արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը։
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին Ատոմ Ջանջուղազյանը հանդիպել է Սինգապուրի Հանրապետության ավագ նախարար եւ սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Ջանջուղազյանը ներկայացրել է ՀՀ մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու պարտքի արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը, հարկաբյուջետային կանոնների կիրառման սկզբունքները եւ բարենպաստ գործարար միջավայրի ու ներդրումների ներգրավմանը նպաստող պայմանների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Նախարարն անդրադարձել է նաեւ հարկային ոլորտի բարեփոխումներին՝ նշելով, որ նպատակ է դրվել վերհանել ոլորտում առկա խնդիրները եւ առաջարկել համապարփակ լուծումներ: Թարման Շանմուգարատնամն իր հերթին ներկայացրել է Սինգապուրի պրոգրեսիվ հարկաբյուջետային համակարգը, կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում վարվող արդյունքահեն քաղաքականության սկզբունքները, ինչպես նաեւ պահպանողական մոտեցումների դերը պետական կառավարման համակարգում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ կարողությունների զարգացմանը, երկրի վստահելիության տեսանկյունից միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության առանձնահատկություններին եւ տնտեսական աճի խթանմանն ուղղված քայլերին առնչվող հարցեր:
Ս.թ. հուլիսի 8-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի կիրառությունը երկու կողմի ներդրողների համար կձեւավորի կանխատեսելի հարկային դաշտ, կխթանի երկու երկրների միջեւ փոխադարձ ներդրումային հոսքերը, ինչպես նաեւ կակտիվացնի առեւտրատնտեսական կապերը: Այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը սկսել է համաձայնագրի վավերացման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը, որոնք ավարտելուց հետո համաձայնագիրը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով վավերացման համար: