ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։ Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։
Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրա կառավարման օրոք հայ-ֆրանսիական հարաբերություններն աննախադեպ վերելք են ապրել։
Դեսպան Ժոնաթան Լաքոթն իր խոսքում կարեւորել է Հայաստանում ֆրանսիական դպրոցի դերը՝ փոքր-ինչ ձեւափոխելով Շառլ Ազնավուրի հայտնի արտահայտություններից մեկը եւ նշելով, որ դպրոցը պետք է լինի 100%-ով հայկական եւ 100%-ով՝ ֆրանսիական։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման եւ այնտեղ նոր ծրագրերի իրականացման հարցը, ինչպես նաեւ «ԵՄ-ն՝ նորարարությունների համար» ծրագրի շրջանակում ԹՈՒՄՈ-ի ծրագրի եւ Ֆրանսիական համալսարանի միջեւ համագործակցության ուղղությունները։ Հիշեցնենք, որ այդ ծրագրի նպատակը բարձրագույն կրթության համար ԹՈՒՄՈ կենտրոնի ստեղծումն է, որի ենթակառուցվածքներն օգտագործվելու են տարբեր բուհերի ուսանողների կողմից իրենց գիտական եւ փորձարարական ծրագրերի իրականացման նպատակով։
Նախարարն ու դեսպանը քննարկել են նաեւ նախարարի՝ առաջիկայում սպասվող այցը Փարիզ եւ այնտեղ նախատեսվող հանդիպումների օրակարգը։