Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել
Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է վարույթ:
2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից քրեադատավարական կարգով քննարկելու նպատակով Երևան քաղաքի դատախազություն է ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը։
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով՝ հանցավոր անփութություն դրսևորելով անզգույշ սպանություն կատարելու համար և դատապարտվել է 2 տարի ազատազրկման:
Ներկայացված հաղորդմամբ առերևույթ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք գործով մինչ այդ պարզված հանգամանքների հետ համակցությամբ կարող են ապացուցել, որ Աղամալ Հարությունյանն առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար վերջինս դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության վերաբերյալ: Նշված հանգամանքների մասին հայտնի չի եղել քրեական գործի քննության ընթացքում: