Վերին Լարսում լրացուցիչ հսկիչ անցակետ կառուցելու հարցով բանակցություններ են վարվում
Վերին Լարսում լրացուցիչ հսկիչ անցակետ կառուցելու հարցով բանակցություններ են վարվում ռուսաստանցի գործընկերների հետ, սակայն առայժմ ոչ մի արդյունք չկա: Սեպտեմբերի 30-ին «Մեծ Եվրասիան անդրմայրցամաքային տրանսպորտային կապերի զարգացման ենթատեքստում» թեմատիկ նստաշրջանի ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ բոլորն են հասկանում այս տեղամասում բեռնափոխադրումների հոսքի մեծացման կարեւորությունը: Նախարարը շեշտեց, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը կարող է նրան թույլ տալ դառնալու Հյուսիսն ու Հարավը, Սեւ ծովն ու Պարսից ծոցը միավորող կարեւորագույն միջանցք: «Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ նա ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահմաններ չունի, բայց մյուս կողմից՝ ընդհանուր սահման ունի Իրանի հետ, եւ այս փաստը մեծ ներուժ է ստեղծում, որի իրականացման համար Երեւանը շարունակում է «Հյուսիս-Հարավ» մեծ նախագիծը: Սա թույլ կտա ճանապարհը ժամում 100 կիլոմետրով կրճատել: Դրանից բացի, կառավարությունը 30 մլն դոլար է ծախսել ուրիշ տրանսպորտային նախագծերի իրականացման համար: Վրաստանի եւ Իրանի հետ մշակվում է Սեւ ծովն ու Պարսից ծոցը միավորող ծրագրերի պլան, արդիականացվում են «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» հսկիչ անցակետերը»,- նշեց Պապիկյանը: