Այսօր Հռոմի Պապը պատարագ է մատուցել Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում Միգրանտների և փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կապել է միգրացիայի խնդրի լուծումն աղքատ և ընչազուրկ մարդկանց ճակատագրի նկատմամբ անտարբեր չլինելու անհրաժեշտության հետ ժամանակակից աշխարհում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Այսօր հովվապետը պատարագ է մատուցել Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում Միգրանտների և փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ, որն այս տարի Հռոմեական կաթոլիկ եկեղեցին նշում է արդեն 105-րդ անգամ:
«Որպես քրիստոնյաներ՝ մենք չենք կարող անտարբեր լինել աղքատ մարդկանց, միայնության, քամահրանքի եւ խտրականության նկատմամբ՝ ուղղված այն մարդկանց, որոնք չեն պատկանում «մեր» խմբին: Մենք չենք կարող մնալ անկարեկից, անսիրտ բազում անմեղների աղքատության նկատմամբ: Մենք չենք կարող չլացել, չենք կարող չարձագանքել»,-հայտարարել է նա իր քարոզի ժամանակ:
Ֆրանցոսկոս Պապը հիշեցրել է, որ այսօրվա առիթով իր հատուկ ուղերձը կրում է «Խոսքը վերաբերում է ոչ միայն միգրանտներին» պերճախոս անվանումը: Նա կոչ է արել հավատացյալներին հատուկ ուշադրություն դարձնել բոլոր ներկայիս ընչազուրկներին, որոնք, նրա խոսքով, միգրանտների հետ միասին դարձել են «պիտակավորման մշակույթի» զոհը:
Միգրանտների օրվան նվիրված Հռոմի Պապի ուղերձում ընդգծվում է, որ ժամանակակից հասարակությունում փախստականների ներկայությունը դրդում է «մեր քրիստոնեական գոյության եւ մեր մարդկության որոշ հիմնական փոփոխականների վերականգնմանը»: Հովվապետի կարծիքով՝ այժմ վտանգված են ոչ միայն միգրանտների շահերը, խոսքը վերաբերում է ոչ միայն նրանց, այլ մեզ բոլորիս, մարդկության ընտանիքի ներկային եւ ապագային:
Ֆրանցիսկոս Պապը բազմիցս կոչ է արել միջազգային հանրությանն ու բարի կամքի բոլոր մարդկանց ցուցաբերել բազմակողմանի օգնություն միգրանտներին ու փախստականներին: Ավելի վաղ նա «խայտառակություն» է անվանել Եվրոպայում մասսայական միգրացիայի շուրջ ստեղծված իրավիճակը: