Արցախում մահացած զինծառայողը՝ տան կրտսերն էր, Օհանավան համայնքից (Լուսանկար)
Արցախում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մահացու հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Արման Լեւոնյանը Արագածոտնի մարզի Օհանավան համայնքից էր։
Արմանի դասղեկը՝ Վաչիկ Ասատրյանը, NEWS.am-ին պատմեց, որ Արմանը աշնանը զորացրվելու էր, նրան բոլոր ճանաչողները ցնցված են կատարվածից։
«Շատ մեծ մարդու ենք կորցրել, որը պետք է շատ մեծ ապագա ունենար, թագավոր տղա ենք կորցրել։ Շատ դաստիարակված աշակերտ էր, հրաշալի տղա, խոհեմ, խելացի, ուշիմ»,- ասաց նա։
Արմանը տան կրտսերն էր, ավագ եղբայր ունի։ Ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն