Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները ավագանու արձանագրության հիման վրա սեպտեմբերի 27-ից դադարեցվել են, բայց ղեկավարն այդ մասին տեղյակ չի եղել
Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները ավագանու արձանագրության հիման վրա սեպտեմբերի 27-ից դադարեցվել են, ինչի մասին, արդեն նախկին համայնքապետի պնդմամբ, ինքն իմացել է պատահական, գյուղապետարան ուղարկված՝ մարզպետի կարգադրությունից։
«Պահակից եմ ես իմացել այդ մասին։ Նա մարզպետի կարգադրության մասին գրությունն է ստացել, այն էլ աշխատանքային ժամի ավարտից հետո։ Ըստ կարգադրության՝ արձանագրությունը ավագանին կազմել է սեպտեմբերի 10-ին, բայց ավագանու անդամներից մեկից ճշտել ենք, որ ոչ մի նիստ տեղի չի ունեցել։ Ենթադրում ենք, որ ավագանու անդամները գրություն են ուղարկել։ Բայց կարգն այսպես չի․ եթե համայնքի ղեկավարին ազատում են պաշտոնից, նախ կանչում են, պարզաբանում են, թե ինչն է հիմք հանդիսացել դրա համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է նախկին գյուղապետը՝ Նորայր Գրիգորյանը՝ նշելով, որ իր ազատումը համընկնել է արձակուրդ մեկնելու հետ։
Նորիկ Հարությունյանի խոսքով՝ ինքը փորձել է կապ հաստատել մարզպետի հետ, սակայն իրեն չի հաջողվել, փոխարենը հեռախոսազրույց է ունեցել նրա օգնականի հետ, որը հայտնել է, թե մարզպետը վիրավորված է իրենից։
«Դեկտեմբերին, երբ տեղի է ունեցել ընտրությունները, ես իրեն չեմ աջակցել, այլ աջակցել եմ նույն ՔՊ-ական իմ համագյուղացուն՝ Սերգեյ Ատոմյանին։ Ինքը դրանից վիրավորվել է։ Անընդհատ փորձել է համայնքապետարանի գործունեությանը խոչընդոտել, ավագանիների միջեւ միշտ լարվածություն է ստեղծել, տրամադրել է մեր դեմ»,- ասել է նախկին համայնքապետը։
Մինչ համայնքում նոր ընտրություններ անցկացնելը՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ավագանու անդամներից Արտակ Հարությունյանը։
NEWS.am-ը փորձել է կապ հաստատել նաեւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, սակայն նա զանգերին չպատասխանեց։