Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ եւս մեկ անձ է բերման ենթարկվել
Դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բերման է ենթարկվել Սարգիս Օհանջանյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով քիչ առաջ բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը»,- գրել է նա:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ երեկ Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով մոտեցել է «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, նրան հարցեր ուղղել:
Մտնելով դատարանի շենք՝ Դանիբեկյանը դատական կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ ահազանգել է իրավապահներին:
Նարեկ Մութաֆյանին գիշերը ձերբակալել են, նրան մեղադրանք է առաջադրվել: Սակայն երիտասարդի փաստաբանի խոսքով՝ Նարեկ Մութաֆյանը տիկին Դանիբեկյանին չի վիրավորել, հարցրել է Փաշինյանի դիրքորոշման մասին:
Հաղորդել էինք նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդ Ազարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով երեկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպին: