Հայկական գյուղատնտեսական սթարթափները մասնակցում են «Եվրասիական շաբաթ» համաժողովի ցուցահանդեսին
Սեպտեմբերի 25-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» 6-րդ միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվում է գյուղատնտեսությանը եւ սննդի արդյունաբերությանը նվիրված ցուցահանդես։
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել գյուղատնտեսության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից առաջարկվող նորարարական լուծումները որպես ոլորտի հետագա զարգացման եւ մրցունակության ապահովման գիտահեն շարժիչ ուժ։
Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը շրջայց է կատարել ցուցահանդեսի տարածքով եւ, ծանոթանալով հայկական տաղավարի ցուցադրումներին, իր գոհունակությունն է հայտնել նորարարական սթարթափ էկոհոմակարգի ներկայացուցիչների մասնակցության առիթով։
Ցուցահանդեսին մասնակցում են «Էկոտեքնոլոջի» ՍՊԸ-ն՝ իր Աքուասորս ապրանքով, «Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա» ՍՊԸ-ն՝ իր կողմից տրամադրվող ծառայություններով, «Գարուն Թեք» ՍՊԸ-ն՝ հողերի կառավարման արդյունավետության բարձրացման տեխլոնոլոգիական լուծումով եւ Մարքեթինգի հայկական ասոցիացիան՝ իր ՀՀ արտահանողների կատալոգով։
«Եվրասիական շաբաթ» եռօրյա միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսին Հայաստանի ընկերությունների մասնակցության աշխատանքները համակարգել է «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որն ընտրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում։