Ամուլսարի հարցով հակասական կարծքիներ ու «ինչու»-ներ․ նախկին որոշ պաշտոնյաներին պետք է մեղադրանքներ առաջադրվեին
«Ոչ ոք չի ասում, որ հանքարդյունաբերությունից պետք է այս պահին հրաժարվել: Մեր խոսքը, կարծում եմ, միտումնավոր խեղաթյուրում են: Մենք խոսում ենք հանքարդյունաբերությունը չընդլայնելու մասին և այն մասին, որ մաքուր էկոլոգիական տարածքները, որտեղ տնտեսական գործունեության այլ տեսակներ են զարգանում, չպետք է սարքել հանքարդյունաբերական տարածքներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին:
Նրա խոսքով՝ եղած հանքերի առումով էլ պետք է նոր ստանդարտներ մշակել և կառավարել նոր մոտեցումներով, որպեսզի բնությանը և մարդկանց տված դրանց վնասները հնարավորինս պակասեն:
Հովհաննես Ավետիսյանը ընդգծեց՝ մենք ո՛չ ԱՄՆ ենք, ո՛չ Ռուսաստան, ոչ էլ Ավստրալիա. «Այս երկրները կարող են իրենց թույլ տալ իրենց տարածքի մի ամբողջ մաս, որովհետև շատ մեծ են տարածքով, դնել հանքարդյունաբերության տակ: Թեև ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ևս սահմանափակումներ կան»:
Գնդեվազի բնակիչ Թեհմինե Ենոքյանն էլ հավելեց. «Մինչ նախորդ կառավարությունը լիցենզիաներ էր նվիրում «Լիդիանին» և տալիս էր կանաչ լույս մեր տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվելու՝ մենք՝ 9 գնդեվազցիներով, դիմել ենք ՀՀ վարչական դատարան: Արդեն 4 տարի է՝ այնտեղ ՇՄԱԳ-ը բողոքարկում ենք, և մեկ տարի առաջ էլ 19 ջերմուկցիներով ենք դիմել վարչական դատարան՝ այս անգամ մեր առաջարկն ուղղելով Էրիկ Գրիգորյանին, որ պետք էր ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչել»:
Անդրադառնալով ճշմարտության հետևից գնալու վերաբերյալ վարչապետի հայտարարություններին՝ Թեհմինե Ենոքյանն ասաց. «Այս ամենը վկայում է այն մասին, որ այս տարիների ընթացքում մենք դա արդեն արել ենք. եթե մենք սխալ լինեինք, մեր գործերը դատարանը ընդհանրապես չէր էլ ընդունի»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: