Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու սպանության պատվիրատուի պատժի կրման ձևը փոխվել է
Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու սպանության պատվերի համար 14 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանը (Լեդի Հակոբի եղբորորդին) ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ տեղափոխվել է բաց տիպի ուղղիչ հիմնարկ։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության լրատվական վարչությունից հայտնեցին, որ Հակոբյանի ուղղիչ հիմնարկի տեսակը փոխվել է մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկից տեղափոխվելով բացի։
Նշենք, որ Քրեակատարողական օրենսգրքի համաձայն՝ բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչեւ տասը մարդու համար նախատեսված բնակելի կացարանում:
Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում, եւ ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։
Հիշեցնենք, որ Հակոբյանը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի՝ դեկտեբերի 9-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով, պատվերով սպանության կազմակերպում, եւ դատապարտվել 14 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկման:
Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից:
Զատիկյանի սպանությունը կատարելու եւ օժանդակելու համար դեռեւս 2007-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Ա. Առուշանյանը, Ա.Հովհաննիսյանը եւ Լ. Ղեւոնդյանը դատապարտվել էին ազատազրկման, իսկ սպանության պատվիրատուների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդին՝ Ստեփան Հակոբյանը, հայտնաբերվեց 2011 թվականի դեկտեմբերին: Սպանությունից
9 տարի անց էլ հայտնաբերվեց սպանության երկրորդ պատվիրատուն՝ Նարեկ Խաչատրյանը, որը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի դատավճռով մեղավոր ճանաչվեց եւ դատապարտեց 15 տարվա ազատազրկման: