Մենք գործող իշխանության թիկունքին ենք լինելու. Ժիրայր Սեֆիլյան
Վերջին ժամանակներս մենք ականատես եղանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կրեմլին դիմադրելու փորձերին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
«Դա մի քանի ձևով դրսևորվեց։ Դրսևորումներից մեկը ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ազատումն է, Ազգային ժողով նախագիծ մտցնելն էր, որով այլևս պարտադիր չի լինի այդ կառույցների ղեկավարները այդ կառույցներից լինեն։ Անշուշտ սա ողջունելի քայլ է, բայց բավարար չէ»,–ասաց նա։
Սեֆիլյանի համոզված է՝ ԱԱԾ–ն պետք է մասնատվի «տարբեր ուժային համակարգեր գործուղելով և լյուստրացիա պետք է անցկացվի»։
Նրա խոսքով՝ իրենք կանգնած են գործող իշխանության թիկունքին. «Մենք այսօր գտնվում ենք ինքնիշխանության առումով այնպիսի գործողություններ կատարելու կարևորագույն ժամակահատվածում, որը նախորդ 25 տարիների ընթացքում իշխանությունները խուսափել են անելուց։ Այս ամենն ընկել է Նիկոլ Փաշինյանի ուսերին, բայց նա մենակ չէ, բոլորդ ականտես եք, թե ինչպես ենք մենք իշխանությունների կողքին կանգնած։ Հները փորձում են գլուխ բարձրացնել և երազել ռևանշի մասին, մենք գործող իշխանության թիկունքին ենք լինելու և թույլ չենք տալու հների որևէ հաջողություն»։