Սաուդյան Արաբիան առաջին անգամ տուրիստական վիզաներ կառաջարկի
Սաուդյան Արաբիան առաջին անգամ տուրիստական վիզաներ կառաջարկի՝ հանգստացողների համար հասանելի դարձնելով ուլտրապահպանողական թագավորությունը, փոխանցում է AFP-ն:
Տուրիզմը թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի «2030 թվականի տեսլական» բարեփոխումների կենտրոնական ծրագրերից մեկն է, որպեսզի արաբական խոշորագույն տնտեսությունը նախապատրաստի նավթից հետո եկող դարաշրջանին:
«Արտասահմանցի զբոսաշրջիկների համար Սաուդյան Արաբիան բացելը մեր երկրի համար պատմական պահ է,- հայտարարել է տուրիզմի ղեկավար Ահմեդ ալ Հաթիբը: - Այցելուները կզարմանան այն գանձերով, որոնք պետք է ցույց տանք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 5 օբյեկտներ, տեղական վառ մշակույթ եւ գրավիչ բնական գեղեցկություն»:
Bloomberg News-ը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան շաբաթ կգործարկի 49 երկրների քաղաքացիների համար առցանց տուրստական վիզաների հայտերի ընդունումը:
Հաթիբի խոսքով՝ թագավորությունը նաեւ կմեղմի արտասահմանցի կանանց համար խիստ դրես կոդը, ինչը նրանց թույլ կտա աբա չհագնել, որը նախկինի պես պարտադիր է սաուդցի կանանց համար: Այդուհանդերձ, արտասահմանցի կանայք պետք է «համեստ հագուստ» կրեն, հավելել է նա՝ մանրամասների մեջ չխորանալով:
Թագավորությունում ներկայումս վիզաները սահմանափակ տրամադրվում են արտագնա աշխատողներին, նրանց խնամքի տակ եղողներին եւ մուսուլման ուխտագնացներին, որոնք ճամփորդում են դեպի Մեքքա եւ Մեդինա: