Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կարծում է, որ ոչինչ հավերժ չէ, այդ թվում՝ պաշտոնը
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, որը մինչ այդ ոստիկանության համակարգում բավական բարձր պաշտոններ է զբաղեցրել, կարծում է, որ ոչինչ հավերժ չէ, այդ թվում՝ պաշտոնը։
«Կյանքում ոչինչ բացառել չի կարելի, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Օրինակ, ես չգիտեմ՝ վաղը խորհրդական կաշխատե՞մ, թե՞ ընդհանրապես չեմ աշխատի։ Ոչինչ հավերժ չէ և ոչինչ բացառել պետք չի», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Այվազյանը՝ պատասխանելով նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին հարցին։
Հարցին, թե իրավապահ համակարգը չի տուժի արդյոք ԱԱԾ տնօրենի ու նաև ոստիկանապետի հրաժարականներից, Այվազյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ համակարգերում պրոֆեսիոնալներ են աշխատում և գիտեն իրենց գործը՝ անկախ դրա ղեկավարներից։
«Վստահեցնում եմ ձեզ, որ որևէ նախարարի, որևէ ոստիկանապետի, անվտանգության որևէ պետի փոփոխություն չի կարող անդրադառնալ առավել ևս իրավական առումով քրեական գործերի քննության վրա», - ասաց պաշտոնյան։