Ռուսաստանում ձերբակալել են քրեական հեղինակություն Շիշկանովին եւ նրա հանցակիցներին (Տեսանյութ)
ՌԴ Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը քրեական հեղինակություն Շիշկանովի հանցավոր խմբակցության մասին քրեական գործի հետաքննության շրջանակում 8 հանցակցի է ձերբակալել, որոնց թվում են՝ Էդուարդ Խարկով, Յուրի Գրիգորեւ, Դմիտրի Գուսեւ, Դմիտրի Բարիշնիկով, Յուրի Օֆիցերով, Դմիտրի Խլամկին, Լորետիս Վիտկաուսկաս, Միխայիլ Կորովին, հաղորդում է ՌԴ ՔԿ-ն:
Նրանք կասկածվում են ՌԴ ՔՕ 210-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով (հանցավոր խմբակցություն) եւ ՌԴ ՔՕ 210.1-րդ հոդվածով (հանցավոր հիերարխիայում բարձր դիրքի զբաղեցում) նախատեսված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու մեջ:
Քննության վարկածով՝ Օլեգ Մեդվեդեւը (մինչեւ ազգանվան փոփոխությունը՝ Շիշկանով) 2010 թվականին հանցավոր խմբակցություն է ստեղծել՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու նպատակով: Այդ հանցավոր խմբակցության մասնակիցները, որոնց դերերը հստակ բաժանված են եղել, զբաղվել են մարդասպանություններով, շորթումներով, առողջությանը վնաս հասցնելով, հրազենի եւ զինամթերքի անօրինական պահպանմամբ: Մեդվեդեւը հանցավոր խմբակցության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարությունը վստահել է իր մտերիմներին, այդ թվում Դմիտրի Գուսեւին, Էդուարդ Խարկովին եւ այլոց:
2010-ին ստեղծված հանցավոր խմբակցությունն իր թվաքանակով եւ նյութատեխնիկական հագեցվածությամբ Մեդվեդեւին թույլ է տվել քրեական վերահսկողություն սահմանել Մոսկվայի մարզի Ռամենսկոե շրջանում: Նրա հանցակիցների կատարած ամենածանր հանցանքներից են՝ 2012-ին հողատարածքը հանձնելուց հրաժարավելու համար «Պլեմզավոդ Ռամենսկոե» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի եւ նրա 3 հարազատների սպանությունը, 2014-ին անօրինական ձեռնարկատիրական գործունեությունից ստացած շահույթի մի մասը փոխանցելուց հրաժարված գործարարի վրա հարձակումը, ինչի հետեւանքով տղամարդը մահացավ, 2015-ին մահափորձը, 2019-ի հուլիսին Մեդվեդեւի ձերբակալության ժամանակ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնության կազմակերպումն ու այլ հանցանքներ:
Բացի այդ, հանցավոր գործունեության ընթացքում Մեդվեդեւն ու Գուսեւն այլ հանցակիցների հետ մի շարք առեւտրային կազմակերպություններ են ստեղծել հակաիրավական ճանապարհով ստացված միջոցներով: Հանցավոր խմբակցության սպառազինության համար նրանք անօրինական ճանապարհով Կալաշնիկով ինքնաձիգներ են ձեռք բերել եւ պահել: Հրազենն ու փամփուշտներն առգրավվել են ավելի վաղ դեպքի վայրում անցկացված զննության ընթացքում:
Նշված անձանց հակաիրավական գործունեությունը խափանվել է Ռուսաստանի ՔԿ-ի եւ Ռուսաստանի ՆԳՆ եւ ԱԴԾ ստորաբաժանումների աշխատակիցների համատեղ միջոցառումների ընթացքում։
Քրեական գործի հինգ մասնակիցներ, այդ թվում Մեդվեդեւը (Շիշկանով), ավելի վաղ ձերբակալվել էին հետաքննության միջնորդությամբ։ Առաջիկայում դատարանի կողմից նաեւ կքննվի եւս 4 հանցակիցների ազատազրկման միջնորդությունը։
Հետաքննությամբ պարզվում են կատարված հանցագործությունների բոլոր հանգամանքները, պարզվում է յուրաքանչյուր մասնակցի դերը, ինչպես նաեւ ստուգվում է նրանց հնարավոր մասնակցությունը այլ հանցավոր գործողություններին։