Հայկը սիրում էր կյանքը. Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ իր մարտական ընկերոջ հոգեհանգստին
Հայկ Հարությունյանն իմ կրտսեր ընկերն էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում պատմեց ՀՀ բանակի գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը:
«Իր անկախության համար կասեն իր աշխատողները, բայց ես իր աշխատողը չեմ, իր մարտական ընկերն եմ եղել: Մենք հաճախ հանդիպում էինք: Նա մաքուր ու պարզ մարդ էր: Նա պատրաստ էր միշտ օգնելու: Իր գործը դժվար է եղել, շփվել է տարբեր մարդկանց հետ, զինվորականի համար ավելի հեշտ է եղել»,- ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Հարցին՝ արդյոք վերջին շրջանում շփում եղել է Հայկ Հարությունյանի հետ, Արկադի Տեր-Թադեւոսյանը. «Շփվել ենք, մի ընկեր ունեինք, Հրաչ էր անունը, պետք է գնայինք դիմավորեինք, Ավստրալիայից էր գալիս, Հայկի հետ խոսեցինք այնքան, որ մոռացել էինք դիմավորել նրան: Հայկը լավ զրուցակից էր: Նա իմ կրտսեր ընկերն է եղել: Բայց իր աշխատանքը լավ գիտեք՝ ինչքան բարդ է: Նա մտածում էր՝ ինչ անեմ, ոնց անեմ, որ մեր ապագան, ապրելակերպը լավանա»:
Անդրադառնալով ինքնասպանության հասցնելու հատկանիշներին՝ Արկադի Տեր-Թադեւոսյանն ասաց, որ չի ուզում խոսել մի բանից, որից տեղյակ չէ. «Ես գիտեմ, որ ինքը խնդիր չուներ, ինձ համար շատ դժվար է այդ հարցին պատասխանել: Ինքը սիրում էր կյանքը»:
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին: Դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:
Ըստ Քննչական կոմիտեի՝ Հայկ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ։