Բորիս Ջոնսոնը վաղաժամ ընդհատել է ՄԱԿ-ի ԳՎ-ում իր մասնակցությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդհատել է իր այցը Նյու Յորք, որտեղ նա մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատանքային գրաֆիկի վերանայման մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ երեքշաբթի Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել բրեքզիթի նախաշեմին 5 շաբաթով խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու նրա որոշումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երեկ երեկոյան Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել իր կաբինետի անդամների հետ, ինչպես նաեւ խոսել Նորին Մեծություն Եղիսաբեթ II-ի հետ: Դաունինգ սթրիթում չեն հստակեցնում հեռախոսազրույցի թեման: Դատարանում քննարկված Ջոնսոնի քայլը թագավորությանն անհարմար դրության մեջ է դրել, քանի որ հենց երկրի ղեկավարն է վարչապետին խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու թույլտվություն տալիս: Գերագույն դատարանի որոշման մեջ ասվում է, որ Ջոնսոնը կարող էր մոլորեցնել թագուհուն, եթե վերջինիս իր խնդրանքի պատճառները բացատրել է այն նույն փաստարկներով, որը նա մեջբերել է հրապարակայնորեն: Կառավարության ղեկավարի խոսքով՝ տվյալ որոշումն անհրաժեշտ է կառավարության նոր ծրագիր մշակելու, այլ ոչ թե բրեքզիթի գործընթացին խորհրդարանի միջամտությանը խանգարելու համար:
The Times-ի հաղորդմամբ՝ Ջոնսոնի պահպանողական կառավարությունը կարող է փորձել կառավարությանը մի քանի օրով արձակուրդի ուղարկել՝ կապված պահպանողական կուսակցության ամենամյա համագումարի անցկացման հետ: Ընդդիմությունն իր հերթին կարող է փորձել կրկին վերահսկողություն սահմանել խորհրդարանական օրակարգի վրա՝ Բրյուսելի հետ առանց գործարքի բրեքզիթ իրականացնելու Ջոնսոնի փորձերին խոչընդոտելու համար: Բացի այդ, պատգամավորները մտադիր են նաեւ կառավարությունից անօրինական որոշման ընդունման առնչությամբ բացատրություն պահանջել:
Դեռեւս երեկ երեկոյան Sky News հեռուստաալիքի տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթ, որը Ջոնսոնի կաբինետը կօգտագործի իր դիրքորոշումն ամրապնդելու համար: Կառավարության անդամների եւ Անգլիայի ու Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի հրապարակված սղագրության մեջ ասվում է, որ Քոքսը խորհրդարանի աշխատանքի դադարեցումն օրինական եւ բրիտանական սահմանադրությանը չհակասող քայլ է համարում, ինչի մասին տեղեկացրել է կառավարությանը որոշումն ընդունելուց առաջ: