ՊԵԿ-ը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծ
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային հանդիպում Հայաստանում գործող խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպիչների, ինչպես նաեւ ոլորտի վերահսկողությունն իրականացնող պատասխանատուների հետ:
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի նախագիծը: Նա ընդգծել է, որ ներդրվելու է խաղային ոլորտի էլեկտրոնային կառավարման առաջադեմ եւ բացառիկ, նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած համակարգ: Այն թույլ կտա ապահովել ոլորտի թափանցիկությունն ու ցածր ռիսկայնությունը, վերահսկել ֆինանսական հոսքերը` ավելացնելով պետական բյուջե կատարվող մուտքերը, բացառել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերը, ինչպես նաեւ նվազագույնի հասցնել բիզնես-գործընթացները վերահսկող մարմնի կողմից միջամտությունը` վերահսկողությունն իրականացնելով «աննկատ» ռեժիմով: Միջազգային չափորոշիչների հիման վրա խաղային սարքավորումների եւ ծրագրային ապահովման միջոցների սերտիֆիկատացման արդյունքում հնարավոր կլինի բացառել կեղծ կամ չարտոնագրված խաղային սարքավորումների կամ խաղային ծրագրային միջոցների շահագործումը` ապահովելով խաղացողների շահերի պաշտպանվածությունը:
Անալիտիկ հաշվետվությունների համակարգի միջոցով հնարավոր կլինի կատարել ոլորտի մեծածավալ ուսումնասիրություն եւ վերլուծություն, քանի որ համակարգը աշխատում է մեծածավալ (Big data) ինչպես թվային, այնպես էլ չինդեքսավորված տեքստային տվյալների հետ։