ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ՝ մեկնարկեց դեղագիտական միջազգային գիտաժողով
ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ այսօր մեկնարկեց «Drug Development: from Design to Customer» DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողովը, որի ընթացքում ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականներն ու փորձագետները հանդես եկան զեկույցներով: Եռօրյա գիտաժողովին կանդրադառնան դեղերի դիզայնին, կներկայացվեն զարգացման բազմադիսցիպլինար ոլորտներում արդի վիճակն ու
միտումները, դեղերի մատակարարման համակարգերը և դեղակինետիկան, դրանց կլինիկական կիրառումը և դեղերի ոլորտի կարգավորումը:
Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Հակոբ Թոփչյանը՝ ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ Հայաստանի բժշկագիտության ոլորտում դեղերի գիտական զարգացմանն ու կլինիկական կիրառությանը նվիրված գիտաժողովը կարևոր իրադարձություն է: «Այսօր հնարավորություն է ստեղծվել անդրադառնալ դեղի ստեղծումից մինչև դեղի սպառման գործընթացին՝ ինչ փուլեր են անցնում, ինչպիսի
ուսումնասիրություններ են իրականացվում»,-ասաց ամբիոնի վարիչը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ԵՊԲՀ-ի 100-ամյա գործունեության կայացման ընթացքում իրենց ուրույն տեղն ունեն և՛ դեղագիտությունը, և՛ ֆարմակալոգիան: «Այս գիտաժողովը խորհրդանշական է՝ բժշկական կրթության մեկդարյա պատմությանը նվիրված միջոցառումներին ընդառաջ: Կան ուղղություններ, որոնք ձևավորել են այս համալսարանի գիտական միտքը, միջազգայնացման
նախադրյալները: Դրանց շարքում է նաև դեղագիտությունը»,-ասաց ռեկտորն՝ ավելացնելով, որ Երևան ժամանած ոլորտի մասնագետները, որոնք մասնակցում են գիտաժողովին, իրենց գիտական աշխատություններով, զեկույցներով կհամալրեն համալսարանի հաջողությունները, քննարկաման առարկա կդարձնեն խնդրահարույց
հարցերը: «ԵՊԲՀ-ում բոլոր հնարավորությունները ստեղծված են: Այսօրվա
հարթակը ձևավորվել է, որպեսզի քննարկվի դեղերի ստեղծման պահից,
մինչև սպառում»,-հավելեց Արմեն Մուրադյանը՝ ընգծելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ դեղագործությունը համարվում է հատուկ ուղղություն: Սա նշանակում է, որ ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետն ավարտած մասնագետները կկարողանան մասնագիտական գործունեություն ծավալել ամենաբարձր տեխնոլոգիաներով հագեցած,
ժամանակակից դեղագործության ինդուստրիայում»-եզրափակեց ռեկտորը:
ԵՊԲՀ նախկին ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանն անդրադառնալով ֆարմակալոգիայի ամբիոնի ստեղծմանը՝ նշեց, որ 1924 թվականին՝ հիմնադրումից ի վեր, ամբիոնն առաջատար է եղել գիտական, կրթական, ուսումնական բնագավառում:
«Վերջին տարիներին ԵՊԲՀ-ում մեծ ուշադրություն են դարձնում գիտության զարգացմանը: Բուհերի միջազգայնացման գործընթացում կարևոր նշանակություն ունի գիտությունը: Ոչ մի բուհ չի կարող միջազգային ճանաչում ունենալ, եթե ուսանողների զգալի մասը չզբաղվի գիտությամբ: Նման միջոցառումներ նպաստում են ոչ միայն գիտության զարգացմանն, այլև միջազգայնացմանը»,-ընդգծեց վաստակաշատ գիտնականը:
Նշենք, որ սեպտեմբերի 23-ից 25-ն անցկացվող գիտաժողովն աննախադեպ
հնարավորություն է գիտական, արդյունաբերական, կլինիկական և կարգավորող մարմինների հետազոտողների, դեղագետների, կլինիցիստների համար ներկայացնել իրենց հետազոտությունները, փոխանակել մտքեր և հանդիպել ոլորտի միջազգային փորձագետների հետ: