Պարզաբանում 2019 թ. սեպտեմբերի 19-ին «Հրապարակ» օրաթերթի թիվ 167 (2690) համարում հրապարակված «ԵՊՀ-ում իրականացվում է իրավական աճպարարություն» վերտառությամբ հոդվածում ներկայացված տեղեկատվության վերաբերյալ
2019 թ. սեպտեմբերի 19-ին «Հրապարակ» օրաթերթի թիվ 167 (2690) համարում ԵՊՀ ներկայացուցիչ ներկայացող՝ ԵՊՀ հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանը հրապարակել է «ԵՊՀ-ում իրականացվում է իրավական աճպարարություն» վերտառությամբ հոդված, որտեղ փորձել է մեկնաբանել ԵՊՀ-ում աշխատանքային հարաբերությունների փաստաթղթային ձևակերպումների իրավաչափությունը և անդրադարձել է փորձաշրջանի սահմանմանը: Մինչդեռ հոդվածագիրը ներկայացրել է իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տեղեկատվություն՝ փորձելով հանրությանը մոլորեցնել և Մայր բուհի 100-ամյակի տոնական միջոցառումների նախաշեմին արատավորել ԵՊՀ-ի համբավն ու հեղինակությունը:
Այդ կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը.
ԵՊՀ-ում աշխատանքի ընդունումը, այլ աշխատանքի տեղափոխումը, աշխատանքային
հարաբերությունների դադարեցումն իրականացվում են ՀՀ աշխատանքային
օրենսդրության, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»
ՀՀ օրենքի, աշխատանքային հարաբերությունները կանոնակարգող այլ իրավական
ակտերի պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ:
ԵՊՀ-ում աշխատում են ինչպես անորոշ ժամկետով, այնպես էլ որոշակի ժամկետով,
համատեղությամբ, ժամավճարային հիմունքներով, ժամանակավոր աշխատանքային
պայմանագրերով աշխատողներ և ծառայությունների մատուցման պայմանագրերով
գիտահետազոտական աշխատանքներ կատարող անձինք:
ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողներն աշխատանքի են անցնում
որոշակի ժամկետով (մինչև 5 տարի), մրցութային ընտրությամբ, ինչը
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ
հոդվածի 4-րդ մասի պահանջն է:
Նույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ և 8-րդ մասերի համաձայն՝ բուհում
մրցութային ընտրությամբ, որոշակի ժամկետով (5 տարի) աշխատանքի են անցնում
նաև ռեկտորը, մասնաճյուղի տնօրենը, ֆակուլտետի դեկանը և ամբիոնի վարիչը:
Մրցութային ընտրությամբ, որոշակի ժամկետով են համալրվում նաև գիտական
համակազմի թափուր պաշտոնները:
ԵՊՀ-ում մրցութային ընտրությամբ պաշտոններ զբաղեցնող աշխատողների համար
փորձաշրջան չի սահմանվում, քանի որ այդ ընթացակարգով աշխատանքի
ընդունվողների համար փորձաշրջան սահմանելու արգելքը նախատեսված է ՀՀ
աշխատանքային օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
ԵՊՀ վարչական, ուսումնաօժանդակ, ինժեներատեխնիկական համակազմերում
նախատեսված են որոշակի աշխատանքներ, որոնք կատարող աշխատողների հետ
աշխատանքային հարաբերությունները սահմանվում են անորոշ ժամկետով:
Միաժամանակ կան աշխատանքներ (պաշտոններ), որոնք կատարող աշխատողների հետ
աշխատանքային հարաբերությունները սահմանվում են որոշակի ժամկետով, քանի որ
դրանք կրում են ժամանակավոր բնույթ, կամ աշխատանքը կատարվում է
համատեղությամբ, կամ այդ հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ
ժամկետով:
Այս տարրակարգերի աշխատողների համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 91-րդ
հոդվածով սահմանված կարգով, մինչև 3 ամիս ժամկետով փորձաշրջան սահմանվում է
միայն առաջին անգամ աշխատանքի ընդունվելիս (այլ աշխատանքի (պաշտոնի)
տեղափոխվելիս), որի նպատակը նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի
համապատասխանությունը ստուգելն է: Նույն պաշտոնում պայմանագրի գործողության
ժամկետը երկարաձգելիս աշխատողի համար կրկնակի փորձաշրջան երբեք չի
սահմանվել:
Նման պայմաններում, ակնհայտ է, որ հոդվածագրի այն դիտարկումը, թե իբրև
«ԵՊՀ-ում կա 50 տարվա աշխատակից, որի հետ 50 անգամ կնքվել է նույնաբովանդակ
պայմանագիր և այդ աշխատողը 50 անգամ անցել է եռամսյա փորձաշրջան» (բառացի
մեջբերված է (հոդվածից), մերկապարանոց պնդում է և բացահայտ սուտ:
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ