Հայրս հույս չուներ, որ կարող է փոխվել խափանման միջոցը. Լևոն Քոչարյան (Տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, քաղաքը այսօր անհանգիստ էր ոչ միայն Ամուլսարի պաշտպանների բողոքի քայլերթի պատճառով, այլև Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, ովքեր բողոքի ակցիա-քայլերթ էին կազմակերպել դեպի ԱԱԾ:
Ինչպես միշտ, ակցիայի մասնակիցների շարքերում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, թե իր հոր դատավարությունը քաղաքական գործընթաց է դարձել:
«Ես նույնիսկ չգիտեմ՝ դատավարությանը գնալ, մասնակցել իմաստ ունի, թե՝ ոչ։ Փաստաբաններն իրենց գործը, կարծում եմ, փայլուն կատարում են, բայց ինչքան էլ անեն, արդյունք չի տա, եթե ինչ–որ մի տեղից հրահանգավորում է այդ ամենը, երբ բացահայտ, տեսախցիկների առաջ դատավորներին սպառնում են և այլն...»,–նշեց նա։
Լևոն Քոչարյանի խոսքով՝ իրականում ավելի շատ են Քոչարյանին աջակցողները. «Այս մի տարվա ընթացքում ստացել եմ հազարավոր նամակներ, այն, բայց փողոցային պայքարը մի փուլ է, որ պետք է մտնի իր տրամաբանության մեջ, մարդիկ դրա մեջ տեսնեն շարունակությունը, քաղաքական անելիքները»։
Նա հայտնեց՝ երեկ է տեսակցել Քոչարյանի հետ. «Հայրս հույս չուներ, որ կարող է փոխվել խափանման միջոցը։ Հույս չուներ, ես փորձում էի հուսադրել, բայց ասում է՝ ամեն ինչ հասկանում է դատավորի դեմքից, տրամադրվածությունից, որ ամեն կերպ խուսափում է նայել, կաշկանդվում է, ուստի այս կնոջից ինչ–որ բան ակնկալելը միամտություն կլինի մեր կողմից»։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ։