Նոր Զելանդիայում ոստիկանությունն առգրավել է 3 մլն դոլար արժողությամբ մարիխուանայի խմբաքանակ
Նոր Զելանդիայի ոստիկանությունը մարիխուանայի խոշոր խմբաքանակ է առգրավել Տասմանի շրջանում, Հարավային կղզու հյուսիս-արեւմուտքում։ Ինչպես տեղեկացնում են իրավապահներն իրենց պաշտոնական կայքում, խմբաքանակի մոտավոր արժեքը սեւ շուկայում կազմում է ավելի քան 3 մլն դոլար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ոստիկանության հայտարարությունում ասվում է, որ ծավալուն հակաթմրանյութային գործողության ընթացքում Տասմանում իրականացվել են օպերատիվ-քննչական գործողություններ գյուղի տներից մեկում։ Խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են մեծ ստորգետնյա բունկեր, որտեղ մարիխուանայի պլանտացիա կար։ «Ձերբակալվել է 63-ամյա տղամարդ, որին արդեն կանեփի ապօրինի աճեցման եւ վաճառքի մեղադրանքներ են ներկայացվել։ Նա կկանգնի Գրեյմութի օկրուգային դատարանի առջեւ մինչեւ օրվա վերջ»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։
Իրավապահները նաեւ նշում են, որ խուզարկության ժամանակ առգրավվել են մեծ քանակությամբ հրազեն եւ վաճառքի պատրաստ թմրանյութեր՝ մոտ 5 մլն նորզելանդական դոլար արժողությամբ։