Արթուր Վանեցյանը փաստացի պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ իր հայտարարությունն անել. Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին
Արթուր Վանեցյանը փաստացի պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ իր հայտարարությունն անել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունն իր մեջ պարունակում է վարչապետի հասցեին քննադատական տարրեր։ Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում է կայացրել։
«Արթուր Վանեցյանը փաստացի պետական պաշտոնյա չէ եւ կարող է հանգիստ իր ցանկացած հայտարարությունն անել»,- ասաց Փաշինյանը։
Հարցին՝ արդյոք ինքը այդ գրառումը համարում է իր հասցեին արված քննադատություն, Փաշինյանն ասաց. «Ես սովորաբար արձագանքում եմ այն հայտարարություններին, որոնք անձամբ կարդացել եմ, կկարդամ, կծանոթանամ եւ եթե հարկ լինի հավելյալ մեկնաբանություն անել, կանեմ այդ մեկնաբանությունը»։
Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնի նշանակմանը, վարչապետն ասաց. «Կան թեկնածուներ, կքննարկեմ եւ որոշում կկայացնեմ»։
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Արթուր Վանեցյանը հրաժարական էր տվել :
Նաև տեղեկացրել էինք, որ Արմեն Սարգսյանն Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել: