ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
Operativ լրատվականը հաղորդել էր, որ Նիկոլ Փաշինյանը լայնածավալ ասուլիս էր հրավիրել Լոռու մարզում:
Ասուլիսի ժամանակ նա անդրադարձել է նաև Արարատ Միրզոյանի՝ ԱԺ-ում ելույթին՝ կապված Սահմանադրական Դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
«Նախ ես ողջունում եմ Արարատ Միրզոյանի հայտարարությունը: Չեմ կարծում, որ նա քաղաքական գնահատական ի նկատի ուներ, որովհետև մի բան ասեմ, շատ իրավաբաններ կային, որ պնդում էին՝ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում, ես էդպես զգուշավորությամբ էի վերաբերում այդ հայտարարություններին, բայց ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումը ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում: Ինչու է ՍԴ-ն կայացրել ապօրինի որոշում, գիտեք ինչու, գիտեք՝ ով է ՍԴ նախագահը, ինչպես է դարձել ՍԴ նախագահ, ում միջոցով և ում համար է դարձել ՍԴ նախագահ և ես ձեզ ասեմ` էդ որոշումն ընդունած դատավորներից առնվազն երկուսը Մարտի 1-ի հետ կապ ունեն և առնվազն անհասկանալի է, թե նրանք ինչի ինքնաբացարկ չեն ներկայացրել և ինչի են մանսակցել այդ գործով որոշման կայացմանը: Եվ կարծում եմ` ԱԺ նախագահը նկատի է ունեցել, որ պետք է էս իրավիճակը քննարկվի, թե արդյոք իրավական ընթացակարգեր կան: Այսինքն ի՞նչ է նշանակում, ՀՀ Սահմանադրական դատարանը ինչպես հիմնադրման օրից գործել է, շարունակելու է գործել ժողովրդի դե՞մ»,-ասաց նա, նշելով, որ ՍԴ-ն իր գործունեությամբ Հայստանում տեղի ունեցած դժբախտությունների համահեղինակ է` սկսած 1996 թվականի ընտրությունների կեղծումից:
Վարչապետի խոսքով ԱԺ-ն պետք է մտածի ՍԴ-ի հետագա ճակատագրի մասին:
«Հիմա իրենք մտածում են, որ շարունակելու են գործել ժողովրդի դեմ՝ հանուն կոռուպցիայի, իրենք դա են հայտարարում և ԱԺ-ն պետք է մտածի, թե ինչ է անում ՍԴ-ի հետ: Խոսքը քաղաքական գնահատականի մասին չէ, կարծում եմ»,- հավելեց նա:
Նշենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ և աասել, որ ԱԺ-ն որպես Հայաստանի ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր դիրքորոշումը պետք է արտահայտի վերը նկարագրված խնդիրների և իրավիճակի կապակցությամբ: