Ըստ ճաշակի նախարարություն բացել-փակելու հետևանքները. 1in.am
Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարի գյուղատնտեսության գծով տեղակալներ Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը կազմակերպել են հանդիպում մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ` մարզերում առկա գյուղատնտեսական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները քննարկելու նպատակով։
Համաձայն էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության՝ հանդիպման մասնակիցները գյուղոլորտում առկա խնդիրների թվում նշել են առաջնային սերմնաբուծության զարգացման, հանրապետության տարածքում արտադրված՝ բարձր որակ ապահովող սերմացուների ծավալների ավելացման, վնասատուների դեմ պայքարի արդյունավետ միջոցների կիրառման և թունաքիմիկատների որակի վերահսկման, գյուղմթերքի պահեստավորման և փաթեթավորման կետերի, ինչպես նաև լոգիստիկ կենտրոնների հիմնման կարևորությունը:
Անասնաբուժության ոլորտում ընդգծվել է համայնքները սպասարկող անասնաբույժների հաստիքների ավելացման և անասնաբուժական ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանն առնչվող հարցեր:
Մարզպետարանների ներկայացուցիչները դժգոհել են ոռոգման ջրի սակավությունից, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:
Առաջին հայացքից ներկայացված հաղորդագրությունում որևէ արտառոց բան չկա: Փոխնախարարները հանդիպել են գյուղատնտեսության մարզային ներկայացուցիչների հետ, քննարկել ոլորտին վերաբերող հարցեր: Իրականում աբսուրդային իրավիճակ է, և աբսուրդն այն է, որ փոխնախարարներից մեկը անասնաբուծության գծով է պատասխանատու, մյուսը՝ որ գյուղատնտեսության նախարարի կարգավիճակում է՝ գյուղատնտեսական էկոնոմիկայի:
Իսկ մարզերի գյուղոլորտում եղած առավել հրատապ խնդիրները, հետևաբար ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում են բուսաբուծությանը և ոռոգման համակարգին: Մինչդեռ թե՛ մեկի, թե՛ մյուսի ուղղությամբ որևէ մասնագետ, առավել ևս պատասխանատու չկա: Հարցն այն է, որ հեղափոխական կառավարությունը շտապեց ազատվել նախկիններից, այդ թվում և համակարգում եղած և չարատավորված պրոֆեսիոնալներից: Մյուս կողմից էլ գյուղատնտեսության նախարարության վերացման հետ հընթացս վերացրին նաև բուսաբուծության ոլորտը կոորդինացնող փոխնախարարի հաստիքը: Արդյունքում 7-8 ամիս է՝ գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքի շատ ավելին, քան կեսը տվող ճյուղը փաստացի անտեր վիճակում է, կոորդինացնող չունի: Ճյուղով զբաղվող չկա: Ամիսներ առաջ որոշվել էր, որ գյուղնախարարի կարգավիճակով գործող փոխնախարար Արտակ Քամալյանը կունենա խորհրդական բուսաբուծության գծով, բայց բուսաբուծության սեզոնը կարճ ժամանակից կփակվի, մինչդեռ, ինչպես տեսնում ենք, այդպես էլ չի հաջողվում գտնել արժանավոր մեկին: Նույն կերպ խնդիրների զգալի մասը վերաբերել ու վերաբերում են ոռոգման համակարգին, մինչդեռ, բոլորովին այլ նախարարությունում ծվարած այս համակարգի ներկայացուցիչը նման հանդիպումներին չի մասնակցում, պարզաբանումներ չի տալիս, քննարկումներին անմասն է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: