Ամուլսարի հարցում կարևոր է, որ իշխանությունները գործեն՝ ելնելով երկրի շահերից. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
Տարածքային կառվարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր քննարկում է տեղի ունեցել Հայկական ԱԷԿ-ի հետագա շահագործման շուրջ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը թեմայի «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց. «Մինչև 2026թ. նպատակ կա շարունակել Հայկական ԱԵԿ-ի շահագործումը, դրա համար պետք է ստանալ լիցենզիաներ, իսկ դրա համար պետք է կատարվեն աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են ռուսական վարկային միջոցներով»:
Հարցին, թե դեռևս ինչքան ժամանակ կպահանջվի ՀԷԿ-ը արդիականացնելու համար՝ նախարարը պատասխանեց. «Պարտավորություններ ունենք միջազգային գործընկերների հետ, բայց սովորաբար նմանատիպ ատոմակայաններն ունենում են 60 տարվա կյանք… Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով շահագործումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի»:
Անդրադառնալով Ամուլսարի խնդրին՝ Ս. Պապիկյանն ընդգծեց. «Ամուլսարի խնդիրը իշխանության համար որոշակի ծանրություն է: Շատ կարևոր է, որ իշխանությունները գործեն՝ ելնելով երկրի շահերից: Ընտրություն կատարելիս ոչ թե պետք է տուրք տանք նրան, որ մեր վարկանիշը չիջնի, այլ նրան, որ մեր երկիրը չտուժի և ավելի կայուն հիմքերի վրա կանգնի»: