ԱՄՆ-ում Պուտինի դեմոնիզացման գործընթաց է գնում. քաղաքագետ
Բոլթոնի հեռանալով ռուս-ամերիկյան հարաբերությունները միանգամից չեն բարելավվի, նույնը վերաբերում է Իրանին, միշտ ինչ-որ գծեր կլինեն, որոնք կողմերը չեն անցնի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Նախ, մենք պետք է սպասենք, տեսնենք, թե Բոլթոնից հետո ով է նշանակվելու ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, որ հասկանանք, թե նրա քաղաքականությունն ինչպիսին է լինելու:
Իրանի եւ Ռուսաստանի պատժամիջոցների ճարտարապետը Բոլթոնն էր: Նա իր կոշտությամբ հոգնեցրեց Թրամփին, բայց միաժամանակ, չեմ կարծում, որ ռուս-ամերիկյան հարաբերություններին խանգարողը Բոլթոնն էր: Այդ հարաբերությունները գտնվում են երկրորդ սառը պատերազմի փուլում եւ բավականին լարված են, պատժամիջոցներն աննախադեպ են»,-ասաց Սուրեն Սարգսյանը:
Նա հավելեց, որ ամերիկյան հանրության վերաբերմունքը Ռուսաստանի եւ անձամբ Պուտինի նկատմամբ բացասական է եւ Պուտինի դեմոնիզացման (սատանայացման) գործընթաց է գնում ԱՄՆ հասարակության մեջ. «Տեսանելի ապագայում այս երկու պետությունների հարաբերությունները բարելավելու հեռանկար չունեն: Սա անգամ կախված չէ Թրամփից ու Պուտինից, նրանց հեռանալուց հետո էլ այս երկու երկրները խնդիրներ ունենալու են:
Միգուցե սանկցիաների առումով որոշակի մեղմացում լինի, որոշ սանկցիաներ հանվեն, բայց գլոբալ առումով, եթե Թրամփը ընտրություններում հաղթի, նույն քաղաքական գիծը կլինի: Իսկ եթե հաղթեն դեմոկրատները, միգուցե ավելի կոշտ դիրքորոշում լինի Ռուսաստանի նկատմամբ»: