Քաղցրասիրությունը կարող է խախտել գլխուղեղի աշխատանքը. հետազոտություն
Քաղցրը ուղեղի նորմալ աշխատանքի համար ոչ միայն հարկավոր չէ, այլեւ վտանգավոր է. Միչիգանի համալսարանի գիտնականները փորձ են կատարել պտղային ճանճիկների վրա եւ պարզել, որ սննդաբաժնում շաքարի առատության դեպքում նկատվում է կարեւոր միացությունների անբավարարություն՝ կապված ուղեղի առողջության հետ։
Ինչպես տեղեկացնում է Xinhua-ն, շաքարի օգտագործման հետեւանքով միջատների օրգանիզմների մետաբոլիկ պրոֆիլը արագ փոխվել է քաղցից կշտանալու վիճակի անցման ժամանակ։ Եվ ամենամեծ փոփոխությունները նկատվել են հենց գլխուղեղում։
Մասնավորապես, շաքարի բարձր պարունակությամբ դիետան նվազեցրել է N-ացետիլասպարտատի (NAA) եւ կինուրենինի մակարդակը։ Սրանք մետաբոլիտներ են, որոնց փոփոխությունը կարող է ազդել այն բանի վրա, թե որքան արագ է վրա հասնում կշտանալու զգացողությունը։ Եթե ցուցանիշները դուրս են գալիս նորմի շրջանակից, միջատն սկսում է ավելի շատ ուտել։ NAA-ն, մասնագետների կարծիքով, վառելիք է ապահովում նեյրոնների համար եւ կարգավորում ուղեղում բջիջների ծավալը։ Իսկ կինկուրենինի խտության նվազումը կարող է կապված լինել դեպրեսիայի հետ։
Շաքարի բարձր պարունակությամբ դիետա պահելու յոթերորդ օրը փորձի ենթարկվող միջատների մետաբոլիկ պրոֆիլը լրիվ փոխվել է։ Ընդհանուր առմամբ, շաքարի օգտագործումը, բացի NAA-ից եւ կինկուրենինից, ազդել է 20 մետաբոլիտների վրա։
Այժմ գիտնականները պետք է պարզեն, թե ինչպես են այս փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, հավանաբար, նաեւ մարդկանց մոտ, ազդում քնի, ուսման եւ հիշողության վրա։