Սփյուռքի վերաբերյալ պատկերացումները Հայաստանում շատ թերի են․ Վարդան Մարաշլյան
Սեպտեմբերի 3-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը: Կողմերը շեշտեցին պետական քաղաքականության մեջ հայրենադարձության առանցքային դերը:
«Վերջապես կատարել ենք առաջին քայլը, թերևս, հիմնական աշխատանքը առջևում է: Ստորագրվել է հուշագիր, պետք է ընդունվի Հայրենադարձության մասին օրենքը, պետությունը պետք է ձևավորի հայեցակարգ և ռազմավարություն հայրենադարձության վերաբերյալ, որից հետո պետք է հասկանալ, թե ինչպես պետք է իրականացնել այդ ծրագրերը և ապահովել եթե ոչ զանգվածային, ապա գոնե ակտիվ հայրենադարձություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը՝ հավելելով, որ նպատակներից մեկը Սփյուռքում համատեղ ուժերով հայաստանակենտրոն ինքնություն ձևավորելն է:
Հայրենադարձության մասին օրենքի մշակման համար ձևավորվել է աշխատանքային խումբ: Հայրենադարձությանը օրենսդրական կարգավորումներ տալը որքանո՞վ է գայթակղիչ լինելու սփյուռքահայության համար: Անդրադառնալով այս հարցին Վ. Մարաշլյանն ընդգծեց, որ հայրենադարձության մասին հիմնական սկզբունքային հարցերում պարզություն մտցնելն անհրաժեշտություն է, առանց դրա հնարավոր չէ առաջ գնալ… «Օրենքը պետք է հնարավորինս լակոնիկ լինի: Օրինակ՝ Իսրայելի «Վերադարձի մասին օրենքը» երեք հիմնական հարցի պատասխան է տալիս. նկարագրում է՝ ով իրավունք ունի օգտվել այդ օրենքից և վերադառնալ հայրենիք, որ պետական կառույցն է պատասխանատու հայրենադարձության համար և պետության կողմից ինչ աջակցություն պետք է ցուցաբերվի հայրենադարձին…»: