Եվս 1000 աղբաման է բերվել. այս փուլում դրանք կտեղադրվեն քաղաքի բոլոր վարչական շրջաններում. խոսնակ (Տեսանյութ)
Ջրվեժից ևս 1000 աղբաման տեղափոխվում է վարչական շրջաններ։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Այստեղ հավաքվում են ներկրված նոր աղբամանները եւ բաշխվում են վարչական շրջանների միջեւ: Որոշում կա, որ այս փուլում բոլոր աղբամանները տեղադրվեն բոլոր վարչական շրջանների հիմնական փողոցներում, իսկ փոխարինվածների միջից կընտրվեն նրանք, որոնք շատ թե քիչ պիտանի են եւ կտեղափոխվեն բակային տարածքներ, երկրորդական փողոցներ: Դա կշարունակվի այնքան, մինչեւ երկրորդ խմբաքանակը կգա, եւս 2200 հատ, երրորդ խմբաքանակը կգա եւ արդեն ամբողջ քաղաքում տեղադրված կլինեն լրիվ նոր աղբամաններ: Ի վերջո, բակային տարածքներում եւ երկրորդային փողոցներում եւս բոլոր աղբամանները կփոխարինվեն»,-հայտարարեց Կարապետյանը՝ հավելելով, որ այստեղ է Հայկ Մարությանը, վարչական շրջանների ղեկավարները:
«Մինչ այժմ նոր աղբամաններ տեղադրվել են Դավիթաշենում, գրեթե ամբողջովին Աջափնյակում: Աղբամանների թիվը կավելանա. Եթե ձեր փողոցում այս պահին կա 2-3 կիասակոտրված աղբաման, կտեղադրվի 4-5 նորմալ աղբաման, որոնք ավելի հաճախակի կդատարկվեն»,-ընդգծեց խոսնակը:
Անդրադառնալով «Սանիթեքին», նա տեղեկացրեց, որ արդեն 10-րդ օրն է, որ «Սանիթեք» ընկերությունը ամբողջովին հրաժարվում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները, տոտալ կերպով ձախողում է աղբահանության գործընթացը: