Դատապարտյալները պայթուցիկ նյութեր են նետել ճաղավանդակներից. նոր մանրամասներ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի՝ երեկ տեղի ունեցած անկարգություններից
Ինչպես Operativ լրատվականը երեկ հաղորդել էր, լարված իրավիճակ է գրանցվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում, կալանավորները անկարգություններ էին սկսել:
Ինչպես ավելի ուշ պարզվել է, կալանավորների անհնազանդության գործողությունները սկսվել էին երեկ կեսօրին. դատապարտյալները ՔԿՀ–ի ճաղավանդակներից հրավտանգ նյութեր պարունակող ինքնաշեն առարկաներ են նետել, արդյունքում հրդեհ է բռնկվել ՔԿՀ–ի խոտածածք տարածքում։ ՔԿՀ վարչակազմը ստիպված է եղել հրշեջ բրիգադ հրավիրել։ Նույն ժամանակահատվածում դատապարտյալների աջակիցներից ոմանք մեքենաներով եկել են ՔԿՀ շենքի մոտ և աղմուկ բարձրացրել. նրանց տարածքից հեռացնելու համար իրավապահներ են հրավիրել։
Արդարադատության նախարարությունից հաստատել էին, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։
ԱՆ-ից հայտնել էին նաև, որ ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։
Հնարավոր զարգացումների դեպքում նախարարն իր լիազորությունների շրջանակում և Քրեակատարողական ծառայությունը, օրենսդրության շրջանակում, կձեռնարկեն իրավիճակից բխող գործողություններ։
Քրեակատարողկաան ծառայությունը երեկվանից ուժեղացված հսկողություն է իրականացվում Հանրապետության գրեթե բոլոր ՔԿՀ–ներում։
Հիշեցնենք, կալանավորները բունտ էին սկսել՝ ի աջակցություն «զոն նայողների»։
Պատճառը «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների վերաբերյալ նոր օրինագիծն է: Համապատասխան նախագիծը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանակարգության մեջ բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվելու ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը։ «Օրենքով գողերի» համար նախատեսվում է պատիժ 7-10 տարի ժամկետով։